Քննարկում «Բազե» ակումբում

 

 

Ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը հրավիրել էր քննարկում՝ «Որքանո՞վ է երիտասարդությունը ներգրավված երկրի հասարակական-քաղաքական կյանքում» խորագրով։ Հանդիպմանը որպես բանախոսներ մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը, փորձագետ Արսեն Սողոմոնյանը։ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորեց երիտասարդների մասնակցությունը բոլոր ոլորտներում։ Խոսելով հայ երիտասարդի ակտիվության մասին՝ Կ. Ավագյանը նշեց, որ ի տարբերություն եվրոպական երկրների՝  հայ երիտասարդը բավականին քաղաքականացված է, մինչդեռ շատ այլ ոլորտներում (սոցիալական, կրթական, գիտական և այլն) երիտասարդները շատ քիչ են ներգրավված։ «Այսօրվա երիտասարդների հնարավորությունները թե՜ կրթության, թե՜ ներգրավվածության առումով շատ մեծ են ու տեսանելի, և եթե մարդ ցանկություն ունի աշխատելու այս կամ այն ոլորտում, բոլոր հնարավորություններն առկա են։ ՀՀ նախագահի՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականության արդյունքում ստեղծվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որը երիտասարդների կողմից ներկայացված և երիտասարդներին ուղղված բոլոր խելամիտ ծրագրերը կյանքի է կոչում»,- նշեց Կ. Ավագյանը։ «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը մասնավորապես նշեց, որ երիտասարդությունն այսօր բավականին ակտիվ է, պարզապես պետք է երիտասարդությանը լսել, համախմբել և կարողանալ նրանց ներուժն օգտագործել։ Ըստ Ս. Մերթարջյանի՝ երիտասարդությունն այսօր չափից ավելի քաղաքականացված է, ինչը, հասարակարգային փոփոխությունների հետևանք է և բնորոշ է զարգացող երկրներին։ Պետական երիտասարդական քաղաքականության փորձագետ Արսեն Սողոմոնյանն առանձնացրեց մարզային երիտասարդության խնդիրը։ Ա. Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մարզային երիտասարդության հիմնախնդիրները լուծելու նպատակով 2006 թվականին ստեղծվեցին երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոններ, որոնց գործունեությունն էապես նպաստեց մարզերում երիտասարդների ակտիվացմանը։ Ըստ փորձագետի՝ երիտասարդական քաղաքականության գերակայություններից մեկը հետագայում նույնպես լինելու է երիտասարդության մասնակցության աստիճանի բարձրացումն իրենց վերաբերող որոշումների ընդունման գործընթացում։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ երիտասարդության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությանը, Երիտասարդական խորհրդարանի գործունեությանը, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, գործազրկության խնդիրներին։ 

Դիտել բոլոր նկարները >>>