Մերօրյա հերոսների սխրանքը`«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքում

 

 

ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (հեղ.`Էդգար Էլբակյան, խմբ.՝ Ալվինա Աղաբաբյան) շնորհանդեսը։
Գրքում ներկայացված են հայ-ադրբեջանական պատերազմի՝ 1988-1994թթ. և ներկայիս՝ 2014-2015թթ. շրջափուլերը։ Գրքի երրորդ մասը՝ Հուշամատյանը, ներառում է 2014-2015թթ. պատերազմական գործողությունների ժամանակ թշնամու դեմ մղված մարտում զոհված 10 զինծառայողների կյանքի և սխրանքի նկարագրությունը։
Ալվինա Աղաբաբյանը տեղեկացրեց, քանի որ կար տեղեկության պակաս, ուստի անհրաժեշտություն էր առաջացել առաջին ձեռքից տեղեկություններ ստանալ, այդ պատճառով մեկնել են Արցախ. «Եղել ենք Մարտակերտի, Ասկերանի զորամասերում, զրուցել ենք հրամանատարական կազմի, զինվորների, մարտերի մասնակիցների հետ: Մարտի 19-ին զոհված Հակոբ Խաչատրյանի մասին տեղեկութուններ չունեինք, ուստի Արցախում հանդիպեցինք նրա ծնողներին և ուսուցիչներին: Այսպիսով գիրքն ամբողջացավ»: «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը ներկայացվել է նաև Տավուշի մարզի զորամասերում և սահմանամերձ շրջանների դպրոցներում: Անդրադառնալով այս հրատարակության անհրաժեշտությանը` Ալվինա Աղաբաբյանը նշեց. «Մերօրյա հերոսներին ճանաչելու խնդիր կար: Մեր նպատակն էր նրանց մահը ոչ թե որպես ողբերգություն ներկայացնել, այլ նրանց կյանքն ու գործը որպես հերոսություն ու սխրանք, որ մարդիկ ճանաչեն ու հիշեն նրանց»: «Ապրելու բանաձևը» մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը հայտնեց, թե երջանիկ է`իր գործը շարունակող կա. «Այն, ինչի համար այս գործը սկսել եմ, որպեսզի սերունդները գնահատեն, արժևորեն և հիշեն արցախյան ազատամարտի վեհությունն ու նշանակալիությունը, հիմա տեսնում եմ, որ արդյունքը ակնառու է: Մշտապես կրկնելու եմ, որ արցախյան ազատամարտը 20-րդ դարավերջի հայոց պատմության ոսկեդարն է, քանի որ մենք տվեցինք մեր սիրելիների և հարազատների կորստի ցավին դիմանալու մի օրինակ, որ հասկանանք` ոչ մի ձեռքբերում անկորուստ չի լինում»: 2014-ի հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված Արարատ Խանոյանի մայրը` Անահիտ Վարդանյանը նշեց, թե բոլորիս պարտքն է հիշել զոհված տղաներին. «Սա ամենախելացի նախաձեռնությունն է, քանի որ այն հնարավորություն է տալիս նաև կրտսեր սերնդին սերտել գրքերն ու իմանալ, որ մենք նման հերոսներ ենք ունեցել»: Տիկին Վարդանյանը պատմեց, թե տղան ինչ մեծ ոգևորությամբ էր ՌԴ-ից գալիս հայրենիք, իսկ ծառայության ընթացքում մշտապես ասում էր`ծառայում եմ նախ ծնողներիս, հետո հայրենիքիս:
Արիաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի մայրը` տիկին Մարինեն էլ ընթերցեց զոհված տղաներին նվիրված` իր հեղինակած բանաստեղծությունը: Մեջբերում ենք մի հատված.
«Հայկազուն զարմից սերված Մհերներ,
Երիցս օրհնված սուրբ նահատակներ,
Պարգևած կյանքեր բյուր մանուկների:
Քաջերի ոստան…
Արմենի երկիր, նաև Ազատի,
Զորեղ Զորիկի, լեռ Արարատի,
Քաջն Վարդանի ու հսկա Սարգսի,
Արշակ արքայի ու դյուցազուններ
Էդուարդի, Հակոբի, Սամվելի երկիր…
Մեր հին էպոսի նորօրյա ծռեր…
Նշենք, որ գիրքը լույս է ընծայվել «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։