ՀՀ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերը երրորդ երեխայի աբորտների թվով գերազանցում են Չինաստանին

 

 

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացվող պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքներն արդեն տեսանելի են:
«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս տարի էլ իրականացրեց «Մի սպանիր» խորագրով ծրագիրը: Այս անգամ հերթը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Շատին, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն, Արտաբույնք, Ռինդ, Չիվա,Ագարակաձոր,Արփի, Աղավնաձոր համայնքներինն էր:
Ծրագրի համակարգող Խնկանուշ Մարկոսյանը պատմեց, որ արդեն կան ծրագրի մասնակից մի շարք կանայք, որոնք ցանկանում են աղջիկ ունենալ կամ հետ են կանգնել պտղի սեռով պայմանավորված աբորտ կատարելուց: Օրինակ` եղեգնաձորցի Նունե Միքայելյանը հետ է կանգնել հղիության արհեստական ընդհատումից: Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակչուհին, թեև երկու մեծ որդիներ ուներ, որոշել է նաև դուստր ունենալ:
Երեք ամիս շարունակ նշած համայնքներում հանդիպումներ են կազմակերպվել երիտասարդ ընտանիքների, կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ, որոնց ընթացքում հոգեբանը, բժիշկը, հոգևորականը զրույցներ են ունեցել վերարտադրողական առողջության, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների, ժողովրդագրական խնդիրների թեմաներով: Կազմակերպվել են նաև փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ («Բավական», «Անձայն աղաղակ»), տպագրվել տեղեկատվական բուկլետներ, պաստառներ: Սեպտեմբերի 21-ին իրականացվել է «Մի սպանիր» խորագրով երթ, որի ընթացքում թևկապները և բուկլետները բաժանվել են համայնքների բնակիչներին: Խնկանուշ Մարկոսյանը նշեց, որ իրենք` կանանց հետ հանդիպումների ընթացքում պարզել են բազմաթիվ ողբերգական պատմություններ` հղիության արհեստական ընդհատումների հետևանքների մասին: Օրինակ` դեպք է եղել, երբ ամուսինը ստիպել է կնոջը, որ նա գնա աբորտի ու դրանից հետո կինը հիվանդություն է ձեռք բերել ու մահացել: Գյուղերից մեկում էլ կինը, որն արդեն 3 երեխա ուներ, ընդհատել էր հղիությունը, արդյունքում հոգեբանական խնդիրներ էին առաջացել նրա մոտ. երեխան երազում էր հայտնվում: Այս կինն էլ ի վերջո մահացել է: Խնկանուշ Մարկոսյանը տեղեկացրեց, որ իրենք ծրագրի ընթացքում շեշտադրում են կատարում նաև 3-րդ երեխան ունենալու վրա. «Երկու երեխա ունենալու դեպքում երրորդը հիմնականում չեն ցանկանում: 3-րդ երեխաների աբորտների թվով ՀՀ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերը աշխարհում առաջին տեղում են, Չինաստանից էլ ենք անցել»: Թեև ծրագրեր այս ուղղությամբ իրականացվում են, բայց աղջիկ-տղա ծնելիության հարաբերակցությունը ՀՀ-ում դեռ խախտված է: Խնկանուշ Մարկոսյանը նշեց. «Վայոց ձորի մարզում այդ հարաբերակցությունը 114/100 է, այն դեպքում, երբ նորման այն է, որ 102 տղայի դեպքում 100 աղջիկ ծնվի: ՄԱԿ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ շեղումը հանգեցնում է 4 տոկոս հետևանքի, ինչի արդյունքում ավելանում են հանցագործությունները. թրաֆիքինգ, մարմնավաճառություն և համասեռամոլություն: Նշենք, որ ՀԿ-ն նախատեսում է նման ծրագիր իրականացնել նաև Վայքի տարածաշրջանում: Իսկ մինչ այդ ուզում են խրախուսել Մալիշկա գյուղի երկու ընտանիքների աղջիկներին. երկու եղբայրների ընտանիքներից մեկում 9, մյուսում 11 աղջիկ է ծնվել: