Տեղեկատվական նոր գործիքը՝ armagro.am կայքը, կօգնի գյուղացուն վաճառել իր արտադրանքը

 

 

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսության ոլորտ։ Օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետև կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։
Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և որակական աճին՝ գյուղատնտեսական արտադրանքի թողարկողների և սպառողների միջև կապի ապահովման միջոցով:
Ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշում է, որ armagro.am կայքում տեղադրված են տվյալներ Շիրակի մարզի 30 համայնքների գյուղացիների արտադրանքի, դրանց առկա քանակների մասին։ Կայքը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների չմիջնորդավորված վաճառքի ծավալների մեծացմանը։
Նախաձեռնողները ծրագիրն իրականացրել են Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Այժմ կապեր են հաստատում տարբեր կազմակերպությունների, գործարարների, արտահանողների հետ՝ գյուղմթերքի մասին ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու համար։ Սա իրատեսական ճանապարհ է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտաքին շուկա դուրս գալու համար։ Նպատակ կա հետագայում ընդլայնել համայնքների թիվը, ավելի շատ գյուղացիների հասանելի դարձնել այս գործիքը։ Կայքում տրամադրվող ծառայություններն անվճար են, բացի այդ, գյուղացիներին տրամադրվում է խորհրդատվություն։
Տեխնոլոգիական այս լուծումը նոր մշակույթ է գյուղմթերքի սպառման շուկայում, և կազմակերպիչները հույս ունեն, որ այսպիսով կթեթևացնեն գյուղացու գործը։ Ընդ որում, գյուղացիները մեծ ոգևորությամբ են ընդունել այս առաջարկը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու նախաձեռնողների հետ։
«Գյուղից դեպի գլոբալ շուկա» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։