Հայ հանրությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավարար չափով իրազեկված չէ

 

 

Հայ հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը դեռ բավարար չէ: Այս խնդրի լուծման համար «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում իրականացրեց «Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական» ծրագիրը: Այդ շրջանակներում իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որն ուղղված է բացահայտել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և դրանց կարգավորման եղանակների վերաբերյալ ընկալումները: «Հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ» հետազոտությանը մասնակցել են 1600 հարցվողներ՝ ՀՀ 10 մարզերից և Երևանից: Ծրագիրը ներառել է նաև փորձագիտական հարցումներ, որին մասնակցել են բնապահպան-փորձագետներ :
Իրազեկման շրջանակներում օգտագործվել է նաև ԶԼՄ դաշտը. 2 հոդվածներ հրապարակվել է ecolur.org կայքում և Հանրային ռադիոյի եթերով հեռարձակվել է «Հարթակ» հաղորդումը, որի երկու թողարկումները նվիրված են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման իրականացմանը (https://www.youtube.com/channel/UCN4AMeZMO9suEMP3N0hq5PQ): Հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստվել են 500 տեղեկատվական թռուցիկներ, որոնց միջոցով հասարակությանը տեղեկացվել է այն բնապահպանական խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ վերը նշված հետազոտության` ունեն տեղեկացվածության ցածր ցուցանիշ:
Ծրագրի սոցիոլոգ վերլուծաբան Անգելինա Մակարյանը նշեց, որ հանրությունն առավել քիչ տեղեկացված է ՀՀ տարածքների անապատացման, արարատյան արտեզյան ջրերի ջրային ռեսուրսների գերշահագործման, փոքր ՀԷԿ-երի շահագործման, արգելանոցներում կենդանական և բուսական տեսակների խնդրի վերաբերյալ: Առավել տեղեկացված են շրջական միջավայրի, համայնքների ախտոտվածության, ոռոգման ջրի բաշխման և սակավության, օդի ախտոտվածության, անտառների տարածքների կրճատման խնդիրների վերաբերյալ:
Ծրագիրն իրականացնողներն առաջարկում են ստեղծել հեռուստահաղորդում, օգտագործել լրատվամիջոցների ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը: Անգելինա Մակարյանը շեշտեց. «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խնդիրների կարգավորման եղանակներին, քանի որ մարդիկ հստակ պատկերացում չունեն, թե ինչպես կարող են կարգավորել բնապահպանական խնդիրները, ինչ դերակատարություն կարող են ունենալ այդ հարցում»: Խոսելով ծրագրի հրատապության մասին` սոցիոլոգ վերլուծաբանը փաստեց. «Եթե փորձում ես բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, նախ պետք է հասկանալ, թե որքանով է հանրությունը տեղեկացված բնապահպանական խնդիրների մասին: Իսկ բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ընդհանուր առմամբ ցածր է, սակայն ունի դրական փոփոխման միտում: Այս տվյալները ստացվել են ինչպես քանակական, այնպեսլ էլ որակական մեթոդներից:Այս մասին բարձրաձայնում են փորձագետները՝ նշելով, որ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրանում է բայց դեռ բավարար չէ»:
Նշենք, որ ծրագիրն իրագործվեց ՀՀ Նախագահի աշխատակազմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ 

«Հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ» հետազոտությունը կարող եք դիտել այստեղ