Փորձագետ. ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող դրամաշնորհները խթանում են ակտիվությունը ՀԿ դաշտում

 

 

ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հուլիսի 15-ի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների զարգացմանը, մերօրյա հերոսների փառաբանմանը վերաբերող և «Ցեղասպանություն» անվանակարգերում ՀԿ-ների կողմից ներկայացված ծրագրերը։
Նշենք, որ 5 ՀԿ դիմել է մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 6-ը՝ «Ցեղասպանություն», 10-ը՝ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերի համար։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը, խոսելով նախագահական դրամաշնորհների մասին, բարձր գնահատեց դրանցում գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող և սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված անվանակարգերի սահմանումը։ Պարոն Օհանյանը նկատեց, որ գյուղական համայնքներում բազմաոլորտ ծրագրեր իրականացնելու կարիք կա։ Արդեն մի քանի տարի այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և նկատվում է որոշակի դրական տեղաշարժ։
Հանձնաժողովի անդամն ընդգծեց այն փաստը, որ համայնքներում ծրագրեր են իրականացնում հենց մարզերում գրանցված հասարակական կազմակերպությունները։ Յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները, և մարզային ՀԿ-ներն ավելի քաջատեղյակ են այդ խնդիրներից։ Հովհաննես Օհանյանը շեշտեց նաև, որ նման դրամաշնորհային մրցույթներն ու համապատասխան անվանակարգերը խթանում են, որպեսզի մարզերում, գյուղական համայնքներում ակտիվանա հասարակական դաշտը։