Ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հիմքերը

 

 

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» թեմայով համաժողովը և «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցի շնորհանդեսը:
Ծրագիրն իրականացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և ուղեցույցում ներկայացվել են Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի հարցը և արարքի որակման խնդիրը, Թուրքիայի պատասխանատվության հնարավոր ձևերն ըստ միջազգային իրավունքի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցի բարձրացման հնարավոր տարբերակները և այլն։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ Հայոց ցեղասպանության ոլորտում էմոցիոնալ հարթությունը պետք է դուրս բերվի, և դրա փոխարեն պետք է ավելի մանրամասն ու հստակ զբաղվել իրավական, իրավաքաղաքական խնդիրներով. «Այն փաստագրական նյութը, որ հավաքվել է երկար տարիների ընթացքում, այժմ ստանում է իրավական բովանդակություն։ Իրավական հարթության վրա մենք ունենք բավականաչափ հնարավորություններ՝ ներկայացնելու համապատասխան պահանջներ տերբեր ատյաններում»։
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը նկատում է, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվում. «Մենք շատ ենք խոսում խնդիրն իրավական դաշտ տեղափոխելու մասին, և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների միջոցով իրականացվել են որոշակի աշխատանքներ։ Մասնավորապես, «Օրենքի ուժով» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կատարել է «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիտական հետազոտությունը, ուսումնասիրություններ է իրականացրել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը։ Կարծում եմ՝ այս աշխատանքները կնպաստեն, որպեսզի իրավական հարթության վրա մենք ունենանք որոշակի փաթեթ, որը պատեհ առիթի, երբ հարցը հասունանա, կարողանանք ներկայացնել միջազգային դատական ատյաններին։ Ըստ իս՝ միակ դատական ատյանը, որտեղ կարելի է հարցը բարձրացնել և հասնել հաջողության, ՄԱԿ-ի Միջազգային դատարանն է, և մեր հետազոտությունները հիմնականում խարսխված են այդ ուղղությամբ, որպեսզի այդ դատական ատյանի միջոցով հասնենք հաջողության։ Ակնհայտ է, որ Թուրքիայի Հանրապետությունը կամավոր չի ցանկանում որևէ քայլ կատարել այդ ուղղությամբ, Էրդողանի հայտարարությունները դրա վառ ապացույցն են»։
Արմեն Մարուքյանը նշում է նաև, որ Թուրքիայում մտայնություն կա, թե ներողությամբ կարող է ամեն ինչ ավարտվել։ «Մենք այդպես չենք կարծում, հակառակը՝ ներողությամբ ամեն ինչ սկսվում է, որովհետև հնարավոր չէ միլիոնավոր մարդկանց սպանել ու միայն ներողություն խնդրելով հարցը փակել։ Խոսքը մի ամբողջ ժողովրդի ոչնչացման, նրա հայրենիքին տիրանալու, ունեզրկման մասին է, և բոլոր այս հետևանքները, որոնք առկա են Հայոց ցեղասպանության իրագործման առումով, առանձին քննարկման առարկա պետք է դառնան»,- նշում է Արմեն Մարուքյանը։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը կարևորեց այն փաստը, որ ճանաչման գործընթացից անցում ենք կատարում պահանջատիրության և իրավական հարթությունների ոլորտ։ «Հայաստանում Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությանը լուրջ մոտեցում է ցուցաբերվում։ Մենք սկսել են աշխատել նոր կադրեր պատրաստելու գործընթացի վրա, որի կարևոր շեշտադրումներից է հենց իրավաբանների խումբ պատրաստելը, որոնք ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից պետք է ծանոթ լինեն Հայոց ցեղասպանության խնդիրներին, այլև տարբեր շերտերում՝ պատմագիտություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, պետք է հասկանան, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, որպեսզի տարաբնույթ հարցերի շուրջ կարողանան հստակ պատկերացում կազմել։ Այս առումով այս համաժողովը և ուղեցույցի հրատարակումը բավականին կարևոր են, քանի որ հիմք են հետագա աշխատանքների, փաթեթների պատրաստման»,- ասում է Մհեր Հովհաննիսյանը։