Ուսուցանում են՝ ինչպես վարել ապագա բիզնեսի հաշվետարությունը, գործարարության և վաճառքի հիմունքները

 

 

«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն մեկ ամիս շարունակ Իջևանում և Տավուշի մարզի Կիրանց և Այգեպար գյուղերում իրականացրել է «Տնտեսական զարթոնք» ծրագիրը։
Հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով Տավուշի մարզի Իջևանի շրջանի Վազաշեն, Այգեհովիտ, Կայանավան, Ազատամուտ, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց և Աճարկուտ սահմանամերձ գյուղերի բնակչության պահանջները, եկել է եզրակացության, որ անասնաբուծության, այգեգործության, մեղվաբուծության և ֆերմերական այլ տեսակի գործունեությամբ զբաղվող բնակչությունը կարիք ունի գյուղատնտեսական կրթական և խորհրդատվական աջակցության: Շրջանի 19 գյուղական կոոպերատիվներից ընդամենը երեքում կան հաշվապահներ, ուստի սկսնակ հաշվապահներ պատրաստելու լուրջ կարիք կա:
«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, իրականացնելով նշված ծրագիրը, համապատասխան դասընթացներ և խորհրդատվական բնույթի հանդիպումներ է անցկացրել։ Դասընթացավար Արևիկ Սարգսյանը նշում է, որ թեմաներն առնչվում էին համակարգչային գործավարությանը, սկսնակ հաշվապահների համար դասընթացներին։ Ֆերմերներին ներկայացվել է, թե ինչպես կազմակերպել իրենց ապագա բիզնեսի հաշվետարությունը, գործարարության և վաճառքի հիմունքները։
Արևիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ գյուղերում խորհրդատվությունները տարբեր թեմաներով էին՝ ելնելով տվյալ գյուղում գյուղատնտեսության գործունեության բնույթից։ Կիրանցում դա այգեգործությունն էր, մեղվապահությունը, իսկ Այգեպարում՝ անասնապահությունը։
Արևիկ Սարգսյանը նշում է, որ Տավուշի հետ մշտական կապի մեջ են, և գյուղաբնակների հիմնական խնդիրները նյութական դժվարություններն են, աշխատանքի բացակայությունը, ինչը դասընթացների միջոցով փորձում են փոխարինել ինքնազբաղվածությամբ։ Բոլոր դասընթացներն ուղղված էին ինքնուրույն աշխատանք ստեղծելու, ոտքի կանգնելու ճանապարհների մատնանշմանը։