Բացվեց Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքար. «Գոռը սիրում էր հայրենիքն ու մեծ հպարտությամբ խոսում իր զինվորների մասին»

 

 

Դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում բացվեց 2014թ. հուլիսի 31-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը։
23-ամյա Գոռ Գրիգորյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել բանակում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զոհված զինծառայողին օգոստոսի 2-ին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
2014թ. հուլիս-օգոստոսյան դեպքերի ժամանակ զոհված տղաներից երեքն Արմավիրի մարզից էին՝ Արարատ Խանոյան (Սարդարապատ), Սարգիս Մովսիսյան (Մայիսյան), Գոռ Գրիգորյան (Ջանֆիդա)։ «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում զոհված տղաների ծննդավայրում բացել է նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարեր, նկարահանել նրանց մասին ֆիլմեր։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի մեջ առանձնահատուկ տեղ ունի այս նախաձեռնությունը, և մրցութային հանձնաժողովի անդամները միաձայն հավանություն են տվել՝ այն կյանքի կոչելու համար։ «Սա մեր պարտքն էր, այն փոքրիկ լուման, որպեսզի կարողանանք թեթևացնել տղաների ծնողների, հարազատների վիշտը։ Մենք ապագայում ևս մեր ծրագրերում առանձնահատուկ տեղ ու դեր ենք տալու մեր զինվորներին, ազատամարտիկներին, մերօրյա հերոսներին»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս և ռազմահայրենասիրական շատ այլ ծրագրեր երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։
Գոռի հայրը՝ Բաբկեն Գրիգորյանը, հիշելով որդու մասին, ասում է՝ հազվագյուտ տղա էր, ես այդպիսի զավակ չեմ եղել իմ ծնողների համար։ «Իմ տղան իսկական որդի էր, իմ եղբայրն էր, իմ հպարտությունը։ Սիրելով ընտանիքը՝ սիրում էր հայրենիքն ու մեծ հպարտությամբ խոսում իր զինվորների մասին։ Հարգում ու սիրում էր զինվորական համազգեստը, իսկական հայ սպա էր։ Հորեղբոր որդու հետ ավարտական դասարանում պատրաստվում էին դիմել ագրարային համալսարան, բայց մի օր եկան ասացին՝ դիմում գրել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելու համար։ Բնավորությամբ, կարգապահությամբ իսկական սպա էր, իր տեղը գտել էր բանակում։ Հետագայում զգացի, որ իմ տղան ճիշտ ընտրություն է կատարել։ 17 տարեկանից բանակում էր, ու միշտ սպասում էինք, թե երբ է տուն գալու։ Այսօր էլ սպասում ենք՝ որ մի օր Գոռը բացելու է դուռը։ Մենք այսօր ապրում ենք հանուն Գոռի հիշատակի։ Փառք ու պատիվ բոլոր զինվորներին, փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր գնացին հավերժության գիրկը»,- ասաց Բաբկեն Գրիգորյանը։
Գոռ Գրիգորյանի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել հետևյալ հղմամբ: