«Հիմնիր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին». կֆինանսավորվեն երիտասարդների բիզնես ծրագրերը

 

 

«Հիմնիր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին». ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացվող այս ծրագրի արդյունքում կֆինանսավորվեն երիտասարդների լավագույն բիզնես գաղափարներն ու գործարար-առաջարկները:
Ծրագիրն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն, որի նպատակն է նպաստել ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվող 18-35 տարեկան շուրջ 30 երիտասարդների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների տրամադրման ու զարգացման միջոցով: Կազմակերպության իրականացրած հարցումները գյուղաբնակ շուրջ 100 երիտասարդների շրջանում ցույց են տալիս, որ հարցվողների շուրջ 60%-ը ցանկություն ունի զբաղվել ձեռներեցության որևէ տեսակով, սակայն չունի համապատասխան գիտելիքներ ու հմտություններ: Ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղական համայնքներում գրեթե բացակայում է գործարար գաղափարների իրականացումը, ինչն էլ հանգեցնում է գործազրկության աճին:
Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդները ներկայացրել են գործարար ծրագրերի առաջարկներ, որոնցից լավագույններին կընտրի հանձնաժողովը: Դրանք կընտրվեն տարբեր կառույցների` ՓՄՁ-ների, տարբեր կազմակերպությունների կողմից և կիրագործվեն: Երիտասարդները մասնակցել են նաև դասընթացների. ոլորտում փորձառու փորձագետ-դասընթացավարները նրանց են փոխանցել գործնական հմտություններ: Գյումրու բուհերում ու քոլեջներում տեղադրվել են նաև տեղեկատվական պաստառներ, տեղեկատվությունը տարածվել է սոցիալական ցանցերով: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում մափոփվեց «Հիմնիր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին» ծրագիրը: Միջոցառման մասնակիցներն էին դասընթացավարներ, ՓՄՁ ԶԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Արթուր Զաքարյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման կազմակերպության Մաքուր Տեխնոլոգիաների ծրագրի ղեկավար Ֆրունզիկ Ոսկանյանը և «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Գյումրիի և Արթիկի մասնաճյուղերի կառավարիչ Էդուարդ Մանուկյանը: Հնարավոր է հենց այս կառույցների միջոցով էլ հետագայում կյանքի կոչվեն երիտասարդների բիզնես առաջարկները:
Ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը, խոսելով խնդիրների մասին, նշեց. «Երիտասարդների շրջանում կա մեծ ներուժ, ունեն լավ բիզնես գաղափարներ, բայց չունեն համապատասխան գիտելիքներ դրանք իրագործելու համար: Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը` այս ծրագրով փորձում ենք աջակցել երիտասարդներին` իրականացնել իրենց գործարար առաջարկները»:
Նշենք, որ երիտասարդները նեկայացրել են բազմաբնույթ գործարար առաջարկներ` սխտորի արտադրության հիմնումից մինչև համակարգչային տեխնոլոգիաների միջոցով վաճառքի կազմակերպում, թափոնների արտադրության ստեղծում: