ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին դիմել են նաև Արցախի ՀԿ-ներ

 

 

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկեց հակածխախոտային և բնապահպանական անվանակարգերում ստացված հայտերը: Նշենք, որ ծխելու դեմ պայքարի անվանակարգերում ներկայացվել էր 12, իսկ բնապահպանական անվանակարգերում՝ 16 ծրագիր։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, խոսելով բնապահպանական ոլորտի ծրագրերի մասին, ընդգծեց, որ նախորդ մրցույթի համեմատ՝ 3 անգամ ավելացել է ներկայացված ծրագրերի թիվը։ Նա տեղեկացրեց, որ բարելավվել է նաև ծրագրերի որակը։ Արմեն Վարդանյանը նշեց նաև, որ էկոլոգիական անվանակարգերում հայտ ներկայացրած ՀԿ-ների մոտ 50 տոկոսը բնապահպանության ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։
Նշենք, որ ընդլայնվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին դիմած կազմակերպությունների աշխարհագրությունը. ընդունվել են նաև հայտեր Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ՀԿ-ներից, և նրանց ներկայացրած ծրագրերը հանձնաժողովի անդամների կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում կստանան ֆինանսավորում։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կքննարկի նաև վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների փառաբանման և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում ներկայացված հայտերը և կորոշի հաղթողին։
Նշենք, որ 2014թ. ընթացքում հայտարարված երրորդ մրցույթին դիմել է 83 կազմակերպություն։