Սկսել է Մեծ Պահքի շրջանը. Տեր Հակոբի խորհուրդները

 

 

Մեկնարկել է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր`Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Ո՞րն է Մեծ Պահքի խորհուրդը, ի՞նչ սնունդ է թույլատրվում օգտագործել այս շրջանում: Նշված հարցերի շրջանակներում heh.am-ը հարցազրույց վարեց Սբ.Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ:

Ի՞նչ կարևոր նշանակություն ունի Մեծ Պահքը Հայ առաքելական եկեղեցում: Ո՞րն է տոնի ամենակարևոր առաքելությունը:

-Հայ առաքելական եկեղեցում տարվա գրեթե կեսը պահոց օրեր են: Կան օրապահեր, ինչպիսիք չորեքշաբթին և ուրբաթն են, կա շաբաթապահք: Հայ առաքելական եկեղեցու  Մեծ Պահքը նախորդում է Սուրբ Հարության տոնին, սկսվում՝Բուն Բարեկենդանով:Թեև անվանում ենք 49-օրյա պահեցողության շրջան ,բայց այն  տևում է 47 օր: Մեծ Պահքի շրջանում ամեն կիրակին իր անվանումն ունի. առաջինը կոչվում է Բուն Բարեկենդան, երկրորդը՝ Արտաքսման կիրակի, երրորդը՝ Անառակ որդու առակի կիրակի, չորրորդը՝ Դատավորի կիրակի, հինգերորդը՝ Գալստյան կիրակի, վեցերորդը՝ Ծաղկազարդի, որին հաջորդում է Սուրբ Հարության տոնը: Մեծ Պահքի ամենակարևոր նշանակությունը հետևյալն է. հրաժարվել կենդանական կերակուրներից, ու այդ հրաժարման ճանապարհին առավել կարևոր և առանձնակի ուշադրություն դարձնել հոգևոր առողջությանը, հոգևոր աճին:

Ո՞րն է այն գլխավոր տարբերությունը, որով առանձնանում են Պահք պահողներն ու չպահողները:

-Պողոս առաքյալն իր թղթերում գրում  է.«Թող Պահք պահողը չմեղադրի Պահք չպահողին, և Պահք չպահողն էլ չմեղադրի Պահք պահողին»: Գլխավոր խնդիրն այս դեպքում հոգևոր վիճակի բարելավումն է: Այս առիթով նաև մեջբերեմ  Տաթևացու  խոսքերը. «Լավ է կենդանական միս ուտել, քան ՝մարդու»: Սա վկայում է այն մասին, որ գերխնդիրը դրված է պահեցողության հոգևոր մասի առաջընթացի  մեջ: Եվ եթե որևէ մեկը, որևէ պատճառով տվյալ օրը չի սկսել Պահքը, կամ օրեր հետո է որոշել Պահք պահել, դրանում ոչ մի խնդիր չկա: Պահեցողության կատարյալ, լավագույն վիճակն, անշուշտ,հրաժարումն է կենդանական սննդից, մասնակցությունը հոգևոր եկեղեցական արարողություններին և ցանկությունը՝ առավել մոտ գտնվել եկեղեցուն:

Ի՞նչ եք կարծում, հայ երիտասարդն այսօր Հայ առաքելական եկեղեցու օրինավո՞ր հետևորդ է: Աճո՞ւմ, թե՞ նվազում է հայ քրիստոնյա երիտասարդի թիվը:

-Կոնկրետ թիվ հնարավոր չէ ասել, բայց  վերջին տարիներին եկեղեցին իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացրել երիտասարդների հոգևոր կյանքի և գիտելիքի զարգացմանը: Այս առումով երիտասարդների թիվը աճել է: Երիտասարդներն ավելի հաճախ են մասնակցում եկեղեցական արարողություններին,, ավելի տեղեկացված են: Այս ամենը ոչ միայն  հանդիպումների, եկեղեցի այցելելու արդյունք է, այլև ժամանակակից միջոցների զարգացման ու կիրառման: Օրինակ՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին ունի Հավատամք կայքէջ,որի այցելուների թիվը գերազանցում է օրական հիսուն հազարը:

Այսպիսի տոներից առաջ եկեղեցու սպասվորները աշակերտների ու ուսանողների հետ ունենո՞ւմ են հանդիպումներ:

-Ամեն երեքշաբթի, ժամը 18:00-ին մեր եկեղեցում տեղի են ունենում հանդիպումներ, զրույցներ երիտասարդների հետ: Այսօրվա քննարկման գլխավոր թեման վերաբերվում է Բուն Բարեկենդանին և Մեծ Պահքի շրջանին:

                                                                                           Անի Մինասյան