Հրաչյա Հակոբյանի երեք ոսկե կանոնները` ուղղված երիտասարդությանը

 

 

Heh.am-ը շարունակում է ներկայացնել հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների երիտասարդական տարիների ուշագրավ ու հետաքրքիր դրվագներ: Մեր զրուցակիցն է «Օլիվեր գրուպ» գնահատման գործակալության հիմնադիր, նախկին քաղաքական գործիչ, ՀՀՇ երիտասարդական միության հիմնադիր-նախագահ Հրաչյա Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, ինչպիսի՞ բնորոշում կտայիք երիտասարդությանն ընդհանրապես:

-Վերջին ժամանակահատվածում երիտասարդությունը սկսել է զբաղվել իր գործառույթով՝ հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերում ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Այսինքն, այժմյան երիտասարդության հիմնական բնորոշ գիծը ակտիվությունն է:

-Ինչպիսի՞ հետաքրքիր կամ հիշարժան դեպքեր կպատմեք Ձեր երիտասարդությունից:

-Նախ ասեմ, որ ՀՀՇ երիտասարդական միության նախագահն եմ եղել, ինչպես նաև ՀՀՇ նախագահության անդամ: Հետաքրքիր դեպքը մեր Բրյուսելյան այցն էր, որտեղ «Youth» ֆորումի եվրոպական երիտասարդության ազգային խորհրդի գլխավոր ասամբլեային էինք մասնակցում և հրավերը ստացել էինք Բելգիայից: Հրավերը ստանալուց 3 օր անց պետք է մեկնեինք Բրյուսել, սակայն  վիզաների հարցը լուծված չէր: Այդ հարցով դիմեցինք դեսպանատան հյուպատոսական բաժին և հյուպատոսից մերժում ստացանք: Բայց հետաքրքիրն այն էր, որ մենք այնուամենայնիվ մեկնեցինք՝ այդ հարցը լուծելով ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:

-Պարո՛ն Հակոբյան, երիտասարդական տարիների գործունեությունը ի՞նչ նշանակություն ունեցավ՝  որպես անհատ և որպես մասնագետ Ձեր կայացման գործում:

-Բավականին լրջագույն ազդեցություն ունեցավ ինչպես կրթական, աշխատանքային, այնպես էլ շրջապատի, ընկերական հարաբերությունների ձևավորման, ինքնակայացման գործում: Այդ տարիների ուսանածն ու կուտակած փորձը հետագա գործունեության ընթացքում իրենց պտուղներն ու արգասիքները տվեցին:

-Ըստ Ձեզ, ո՞րն է ներկայիս երիտասարդության թերությունը:

-Այժմյան երիտասարդության չափից շատ ակտիվության հետ մեկտեղ հասարակությանն ուղղած նրանց ասելիքը  շատ հաճախ որակ չունի:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա և ապագա երիտասարդությանը՝ իրենց ապագան առավել ամուր հիմքերի վրա կառուցելու համար:

-Մեկ խորհուրդ կտամ՝ 3 մասից բաղկացած. սիրել հայրենիքը, Երևանը, հայրենիքը լքելու մասին ընդհանրապես չմտածել և համախմբվել՝ համընդհանուր խնդիրների ու գաղափարների շուրջ, ինչպես նաև աշխատել, ստեղծել և արարել:

Հարցազրույցը վարեց

Հռիփսիմե Հովսեփյանը