Արամ Սաթյան.«Երիտասարդ տարիներին խենթություններ շատ եմ արել»

 

 

Heh.am-ը սկսում է հարցազրույցների նոր շարք մեր երկրի հասարակական-քաղաքական,արվեստի, մշակույթի բնագավառներում հայտնի գործիչների հետ: Ներկայացնելու ենք նրանց՝ երիտասարդական տարիների խենթությունները և ուսանողական տարիներից հետաքրքրաշարժ դրվագներ:

Ներկայացնում ենք Heh.am-ի հարցազրույցը  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, հայ դասական կոմպոզիտոր, ժողովրդական երգահան Արամ Սաթյանի հետ:

-Պարո՛ն Սաթյան, ըստ Ձեզ ի՞նչ դեր ունի այժմյան երիտասարդությունը հասարակության մեջ:

-Մեծ դեր ունի: Երիտասարդությունը միշտ էլ շարժիչ ուժ է եղել: Բոլոր իդեաները, այն,ինչ կա,  առաջին հերթին երիտասարդությանն է, և մեծանալով ու ավելի մեծ փորձ ձեռք բերելով՝ երիտասարդներն ավելի են կատարելագործում դրանք:

-Ինչպիսի՞ երիտասարդական կյանք եք վարել, ի՞նչ խենթություններ եք արել:

-Խենթություններ շատ եմ արել: Օրինակ՝ առաջիններից մեկն եմ, որ սկսել է Հայաստանում ժամանակակից երաժշտություն ներկայացնել:Հայաստանում դաշնամուրով առաջին անգամ այդօրինակ երաժշտություն հնչել է իմ կատարմամբ: Ժամանակակից ձևով և տեխնիկայով Հայաստանում գրված առաջին և միակ սիմֆոնիայի հեղինակը ևս ես եմ: Արվեստի մեջ ես իսկապես խենթ եմ եղել: Այն, որ ես սկսեցի երգ գրել,  նույնպես  խենթություն էր, քանի որ շատերը չէին սպասում, որ ես կարող էի մեղեդի գրել:

-Ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեր երիտասարդությունը հետագա կյանքի ձևավորման գործում:

-Եթե հիշենք 70-ականները, այդ ժամանակ նոր-նոր ԽՍՀՄ-ում պատուհան բացվեց դեպի արևմուտք և նոր ուղղություններ մտան: Եվբոլոր ասպարեզներում ծնվեց նոր սերունդ՝ նորարարների սերունդ, ինչպես օրինակ՝ գրողների, ճարտարապետների, նկարիչների, երաժիշտների շրջանում: Մենք ունեցանք  փայլուն երիտասարդություն, որի ներկայացուցիչներից շատերը այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և նշանավոր, վառ անհատականություններ են: Կարող եմ ասել, որ այդ սերնդի այսպես ասած գրություններն իրականացան:

-Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս ներկայիս երիտասարդության մեջ:

-Պրակտիցիզմը: Թեպետ պրակտիկ լինելը շատ անհրաժեշտ է, սակայն այսօր շատ հարցեր լուծելիս բացակայում է հոգով առաջնորդվելը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդությանը՝ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

-Խորհուրդ կտամ շատ աշխատել և ստեղծագործել. Դա ամենակարևորն է: Նաև միանգամից արդյունքի չսպասել, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ գործունեության արդյունքը երևում է միայն տարիներ անց: Իհարկե շատերին թվում է, որ միանգամից պետք է իրենց ասածն  արվի կամ ցանկությունը կատարվի: Ինչևէ, սպասելու ունակությունը ամեն մեկին տրված չէ:

Հարցազրույցը վարեց

Հռիփսիմե Հովսեփյանը