Թղթե եկեղեցիների առեղծվածը

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված հերթական ցուցահանդես-համաժողովներից մեկի ժամանակ ուշադրություն գրավեց մի տաղանդավոր երիտասարդ, ով ցուցադրության էր ներկայացրել իր իսկ ձեռքով պատրաստած թղթե անզուգական եկեղեցիներ: Երիտասարդը 25-ամյա Գնել Գևորգյանն է, ով ավարտել է Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների իրավագիտության բաժնի բակալավրիատն ու մագիստրատուրան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն , այնուհետև աշխատանքի անցել նույն համալսարանի նույն բաժնում: Դպրոցական տարիներին 7 տարի զբաղվել է International Ful Kontakt Karate մարզաձևով, ունի Սև գոտի առաջին Dan որակավորում: Գնելի թղթե եկեղեցիներ պատրաստելու տաղանդը բացահայտելու նպատակով heh.am-ը հարցազրույց անցկացրեց վերջինիս հետ:

-Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել թղթե եկեղեցիների պատրաստմամբ: Ի՞նչը առիթ հանդիսացավ՝ Ձեր մեջ այս շնորհքը բացահայտելու համար:

-Այսօրվա պես հիշում եմ. 7 տարեկան էի, ընտանիքով նստած էինք, և հանկարծ պապս հայրիկիս հարցրեց, թե ինչու ինձ նկարել չի սովորեցնում, ես էլ իմ հերթին զարմացած հարցրի, թե ինչ նկարել, միթե հայրիկս նկարել գիտի: Այդ ժամանակ հայրս ինձ հարցրեց` կարող եմ արդյոք հայկական այբուբենի տառերը նկարել: Ես էլ պատասխանեցի` իհարկե կարող եմ, և վերցնելով թուղթ ու գրիչ` ինքնագոհ մեծ Գ տառ գրեցի, գրիչով էլ լավ մգացրի, թե իբր տեսեք` նկարեցի: Հայրս վերցրեց թուղթն ու գրիչը և մի հրաշք Գ տառ նկարեց, որն ասես շունչ  տվեց թղթին: ԵՎ այսպես սկսվեց ամեն ինչ: Ասեմ, որ շատ հեշտ եմ սովորել: Հայրս տարբեր ձևերով հայերեն տառերը գեղեցիկ պատկերներով գրում էր, ես էլ ուշադիր նայում էի ու հետո ինքս փորձում: Այնուհետեև հասկացա, որ տեսողական հիշողությունս շատ ավելի լավ է զարգացած: Երբ առաջին անգամ փորձեցի հորս պես գրել, ինձ դուր չեկավ` չնայած նա շատ էր հավանել: Դրանից հետո սկսեցի արդեն ինքնուրույն ստեղծագործել, նոր տեսք տալ հայկական տառերին, այնպիսի տեսքեր, որ հայրս ցույց չէր տվել ինձ և գուցե նույնիսկ մտքով էլ չէին անցել: Հետագայում դասընկերներս, հատկապես դասընկերուհիներս, գեղագիտության դասաժամերին հաճախակի տալիս էին իրենց տետրերը, որ ձևավորեի: Ավելի բարձր դասարաններում արդեն ուսուցչուհիներն էին խնդրում ինչ-որ բան ձևավորել: Այդպես հմտացա, և գեղեցիկ տառերով գրելն ինձ համար առօրյա դարձավ: Ավելին էի ուզում: Սակայն որոշակի սոցիալական  հանգամանքներից ելնելով հորս շատ քիչ էի տեսնում: Այլ ելք չունեի. սկսեցի հորս հին դարակները փորփրել և ի վերջո գտա այն, ինչ պետք էր ինձ այդ օրերին: Ես գտա հորս հրաշք ձեռքերի անկրկնելի աշխատանքները, պատանեկան տարիներին նկարած մորս դիմանկարը և մի շարք այլ հիանալի գործեր: Այդ ամենն ինձ նոր շունչ, նոր մտքեր ու գաղափարներ տվեց: Ձտումներս ավելին էին, քան ես կկարողանայի: Փորձում էի նմանվել հորս, նրան անդադար խնդրում էի ինձ նոր ձևեր, պատկերներ սովորեցնել, նորանոր նկարներ նկարել: Այդ տարիներին մեր տան բոլոր պատերին նկարներ էին, նկարում ու փակցնում էի պատերին, ամեն անգամ նայելուց մի նոր թերություն էի գտնում, հետո նորից փորձում և այդպես շարունակ: Այնուհետև մի գեղեցիկ օր, հեռուստացույցով տեսա, թե ինչպես է մի մարդ լուցկու հատիկներով փոքր եկեղեցի պատրասել, ու որոշեցի ինքս էլ փորձել, բայց չգիտեմ ինչու մտածեցի, որ թղթից ավելի գեղեցիկ կլինի: Դրա մասին խոսեցի հորս հետ, խոստացավ, որ կօգնի ինձ այդ հարցում: Թե ինչու հենց եկեղեցիներ` ես էլ այդ մասին չէի մտածել, և այդ հարցն ինձ մոտ ծագեց այն ժամանակ, երբ հորս օգնությամբ պատրաստեցի առաջին կեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Սկզբում ինձ միայն եկեղեցիներ պատրաստելն էր հետաքրքրում, հետո, երբ արդեն ավելի լավ էի պատրաստում և զգում էի հորս գոհունակությունը, մտածեցի ուրիշ բաներ էլ պատրաստել ու սկսեցի Ծիծեռնակաբերդի պատրաստումը.վերջացնելուց հետո, իհարկե, այնքան էլ դուրս չեկավ: Հաճախ էի գնում մեր գյուղի եկեղեցին, դպրոցում էլ եկեղեցու պատմություն առարկան էի անցնում, և այդ ամենի շնորհիվ ես հասկացա, որ ինձ ուժ ու ձգտում են տալիս եկեղեցին ու Աստված: Սկսեցի սիրել մենությւնը, լինել ինքս իմ մտքերի հետ: Դպրոցից գալիս էի, փակվում սենյակումս և անվերջ նկարում ու պատրաստում: Միայն կարատեի պարապմունքի գնալիս էի դուրս գալիս: Այդպես հասա նրան, ինչին հասել եմ այսօր:

-Տաղա՞նդ, թե՞ աշխատասիրություն, ո՞րն է Ձեր գլուխգործոցների գրավականը: Արդյո՞ք կարող են այս հասկացությունները դրական արդյունք ապահովել առանց մեկը մյուսի:

-Ասեմ , որ որպես այդպիսին` հավանաբար այնքան էլ տաղադավոր չեմ: Այս ունակությունները գենետիկորեն հորիցս են ինձ փոխանցվել: Ու եթե հայրս չսովորեցներ ինձ ու այսպես ասած չզարգացներ այդ ունաություններս, ես դժվար թե բացահայտեի, որ կարող եմ նկարել ու առավել ևս թղթե եկեղեցիներ պատրաստել: Ինչ խոսք, եթե չլիներ աշխատասիրությունս, որքան էլ հայրս սովորեցներ, արդյունքի չէի հասնի: Միգուցե կարողանայի ինչ-որ չափ նկարել, բայց նրան, ինչին հասել եմ, ամենաշատը աշխատասիրութունն է նպաստել: Գլուխգործոցներիս գրավականը գլխավորապես աշխատասիրությունն ու ձգտումն են: Չունենալ աշխատասիրություն, բայց ունենալ տաղանդ, տվյալ դեպքում նկարելու ունակություն, հավասար է տաղանդ չունենալուն: Առանց իմ աշխատասիրության և հորս օգնության ես դժվար թե դրական արդյունքի հասնեի:

Հարցազրույցը վարեց Հռիփսիմե Հովսեփյանը