Ուսանողների շրջանում վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս կա

 

 

«Հաղարծին» երիտասարդական ՀԿ-ն նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 8-ը ՀՀ 46 բուհերում իրականացնում է «Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում»  ծրագիրը: Նպատակն է 18-29 տարեկան երիտասարդների շրջանում բարելավել ՀՀ-ում վերարտադրողական առողջությունը՝ բարձրացնելով այս ոլորտի վերաբերյալ երիտասարդների գիտելիքների մակարդակը:  

Ծրագրի շրջանակներում անցկացվում են խորհրդակցություններ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգների, սեքսոպաթոլոգի  հետ, բուհերում վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվությամբ թռուցիկներ են բաժանվում, պաստառեր փակցվում:  Համապատասխան մասնագետները պատասխանում են նամակներով, SMS հաղորդագրություններով ուսանողների հղած հարցերին:  Ծրագրի կամավորները այցելում են նաև ժամանցի վայրեր, վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվությամբ անձեռոցիկների տուփեր և «տեղեկատվական մենյուներ» բաժանում:

Ծագրի համակարգող Լուսինե Արեստակեսյանը նշեց, որ բուհերում ուսանողները հիմնականում հետաքրքրված են ծրագրով. «Հետաքրքրվածությունը մեծ էր հատկապես այն բուհերում, որոնք չունեին բժշկական ուղղվածություն և այդտեղ ուսանողները բժշկական թեմաներին վերաբերող գիտելիքներ չէին ստանում: Նրանք նույնիսկ մեզ խնդրեցին, որ, եթե հնարավոր է, սեմինարներ անցկացնենք իրենց բուհում` առողջապահական թեմաներին վերաբերող: Ուսանողներ կային, որ ուզում էին թռուցիկներն ավել թվով վերցնել, որպեսզի բաժանեին նաև իրենց ընկերներին ու բարեկամներին: Ուստի թռուցիկների մի մասը հանձնեցինք բուհի բուֆետ և աշխատողին խնդրեցինք, որ ամեն մեկին, երբ ինչ-որ բան վաճառեն, այդ թռուցիկը տան»:

Լուսինե Արեստակեսյանը շեշտեց, որ ծրագրի իրականացումն ունի հրատապություն` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողների հղած հարցերից պարզ է դառնում, որ նրանք վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվության մեծ պակաս ունեն:

Նշենք նաև, որ  «Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում»  ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 Դիտել բոլոր նկարները>>>