«Հանուն կյանքի՝ առանց ծխախոտի». հակածխախոտային հաղորդումների շարք

 

 

Մեկ ամիս շարունակ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Առողջություն և զարգացում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացնում է «Հանուն կյանքի՝ առանց ծխախոտի» ծրագիրը։

«Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում հանրային առողջապահական կրթական և իրազեկման ծրագրերի իրականացմանը, խթանել առողջ ապրելակերպի գիտակցության ամրապնդմանը դեռահասների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ծնողների շրջանում։ Կազմակերպությունը, նպատակ ունենալով որքան հնարավոր է շատ երիտասարդների ու մեծ լսարան ներգրավել իր թիրախ խմբում, այն պատրաստել էր հեռուստահաղորդման ձևաչափով և հեռարձակել Հայաստանում մեծ լսարան ունեցող «Շանթ» հեռուստաընկերության եթերով։

Դավիթ Պետրոսյանը նշում է, որ ծրագիրն արդյունավետ էր։ Հաղորդումը վարում էր բժշկական գիտությունների թեկնածու, «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի  անդամ Վահե Տեր-Մինասյանը, ով մասնագիտորեն ներկայացնում էր ծխելու հետևանքները մարդու առողջության, հանրության վրա։ Հաղորդման ընթացքում անդրադարձ էր կատարվում նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթում հաղթած մյուս հասարակական կազմակերպությունների ծրագրերին։

Ծրագրի շրջանակներում նկարահանվել են նաև հոլովակներ՝ ուղղված առողջ ապրելակերպին, որտեղ ընդգրկված են սպորտի, մշակույթի ոլորտների հայտնի անձինք։