Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները

 

 

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն մեկնարկեց նոյեմբերի 15-ին և իրականացվեց «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի  կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում`  «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:

Ծրագրի շրջանակներում շորջ մեկ ամիս ոչ պետական և պետական 30 բուհերի ուսանող երիտասարդները պայքարեցին պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Երիտասարդները մասնակցեցին  մի շարք տեղեկատվական դասընթացների: Նրանք հանդիպումներ ունեցան սոցիոլոգի հետ, ով ուսանողներին ներկայացրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը կարող է տարիներ հետո դեմոգրաֆիական խնդիրներ առաջացնել, երբ, օրինակ, աղջիկ երեխաներն ավելի քիչ կլինեն: Այնուհետև ուսանողների համար դասախոսություններ կարդաց բժիշկը, ով նեկայացրեց հղիության ընդհատման արդյունքում առաջացած հնարավոր հիվանդությունների մասին տեղեկատվություն: Երիտասարդները հանդիպումներ են ունեցել նաև հոգևորականի, իրավաբանի և հոգեբանի հետ:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագիրն ուղղված չէր խնդիրը միանգամիկց լուծելուն, այլ նրան, որ այս խնդրի մասին երիտասարդների շրջանում խոսվեր: Այնուհետև հավելեց. «Այս բացասական երևույթը տարեցտարի նոր թափ է ստանում` ելնելով տարբեր գործոններից: Մարդիկ չեն գիտակցում, որ այն նույնիսկ կարող է համարվել քրեական պատասխանատվության ենթարկվող գործողություն»: Պարոն Ավագյանը կարծում  է, որ օրենքի առումով բացեր չկան, բայց թերություններ կան օրենքի կիրառման հարցում. « Պատահական չենք ընտրել թիրախ-խմբերը` ուսանողություն և երիտասարդություն, քանի որ այդ մարդիկ ապագա մայրերն ու հայրերն են: Մասնակիցներին  կոչ ենք արել, որ ոչ թե իրենց մեջ պահեն ստացված ինֆորմացիան, այլ հարևանների, ընկերների ու հարազատների մոտ խոսեն այդ մասին: Այս երևույթի մասին պետք է խոսել, այն պիտի նախ դատապարտվի հենց հասարակության մեջ, հետո տարբեր տեսակի պատասխանատվություն կրեն»:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նշեց. «Մեր ազգային, մշակութային առանձնահատկություններից ելնելով` սկզբնական շրջանում ուսանողները կաշկանդվում էին  շատ հարցեր տալ փորձագետներին: Բայց քանի որ դասընթացները ինտերակտիվ էին, ընթացքում այդ խնդսիրը հարթվեց»:

Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետներից ոմանք հրաժարվել են դասախոսության համար տրամադրվող սիմվոլիկ գումարից: Օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչը այն տրամադրել է «Զատիկ» խնամքի կենտրոնին, իսկ հոգևորականը` հոգևոր գրականություն ձեռք բերելուն:

Դիտել բոլոր նկարները>>>