«Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում

 

 

«Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Խնայելով ինձ և քեզ» խորագրով հակածխոխոտային թեմաներով մի շարք ակցիաներ։ Մարզային դպրոցներից ստացված հակածխախոտային թեմաներով նկարներով կկազմակերպվի ցուցահանդես-մրցույթ։ Հաղթած նկարները կդառնան մեծ պաստառներ, որոնք կփակցվեն Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Գավառում և Երևանում՝ հիշեցնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը։

Հակածխախոտային ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Բարեկամ» ՀԿ-ի անդամ, ծրագրի ղեկավար Շուշան Հարությունյանը նշում է, որ իրենց ակցիաների շրջանակներում անչափահաս երեխաները, ծխախոտը ձեռքներին, մոտեցել են անցորդներին և խնդրել վառել գլանակը։ «Մեզ թվում էր, որ անցորդները կմերժեին և երեխաներին կբացատրեին ծխախոտի վնասակարության մասին, սակայն հիմնականում ծխախոտը վառում էին՝ առանց որևէ արձագանքի։ Մեր նպատակն է գիտակցել տալ ծխողներին և նոր ծխել ցանկացողներին, սեփական անձին վնասելուց զատ, իրենց հարազատներին ու սիրելիներին վնասելու չափը»,- նշում է ծրագրի ղեկավարը՝ ասելով, որ իրականացված ակցիաները հետագայում վերածվելու են ֆիլմի։

«Բարեկամ» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում նկարահանում է նաև 3 սոցիալական հոլովակ (http://www.youtube.com/watch?v=cu3MCDebeQ4&feature=c4-overview&list=UU6tItMlKNdCgk6ylEh2TESA), որոնցում շեշտը դրված է ոչ թե հենց ծխողի, այլ շրջապատի՝ երեխաների, հարազատների վրա ծխելու ունեցած վատ ազդեցության վրա, ինչը կարող է ավելի հզոր զսպօղակ դառնալ ծխողի համար։ 

Դիտել բոլոր նկարները>>>