Արմեն Աշոտյան. «Մեր երիտասարդներից պահանջներս ու ակնկալիքներս մեծ են»

 

 

Երիտասարդության համաշխարհային օրվա և Ուսանողության միջազգային տոնի առիթով Heh.am-ին հետաքրքրող հարցերին պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Պարո´ն Աշոտյան, հանձինս հայ երիտասարդի՝ մեր երկրի ապագան վստահելի՞ձեռքերում է: 

-Երկրի ապագայով ու խնդիրներով մտահոգ քաղաքացին՝ անկախ իր գործունեությունից ու քաղաքական կողմնորոշումից, երկրի համար կարևոր կապիտալ է: Հայաստանն այսօր ունի այդ կապիտալը՝ հանձինս մերօրյա հայ երիտասարդության: Հայ երիտասարդն այսօր առաջին հերթին ազատ է, անկաշկանդ արտահայտելու սեփական գաղափարները, թելադրելու իր պահանջներն ու մինչև անգամ դրսևորելու ըմբոստ կեցվածք: Բայց ըմբոստությունը երբեմն վերածվում է պահի ազդեցության տակ երիտասարդին հատուկ բռնկումով կտրուկ և չկշռադատված քայլերի, ուստի երիտասարդներին խորհուրդ կտայի այդպիսի իրավիճակներում մի պահ կանգ առնել, սթափվել, հետո քայլել առաջ: Այո, մեր երկիրն այսօր վստահելի ձեռքերում է, հայ երիտասարդն ունի բավարար ներուժ, Հայաստանը ծաղկեցնելու և երազանքի երկիր դարձնելու համար:

Պարո´ն նախարար, ի՞նչ ունի մերօրյա երիտասարդը, որը ժամանակին Դուք՝ որպես երիտասարդ չունեիք:

-Այսօր երիտասարդներն ավելի լայն հնարավորություններ ունեն գիտելիք կուտակելու, քան երբևէ ունեցել են: Սահմանները բաց են, արտաքին աշխարհի հետ կապերը՝ սերտ, որակյալ կրթություն ստանալու ճանապարհները՝ բազմաթիվ: Երիտասարդներն այսօր առավել քան երբևէ հնարավորություն ունեն ազդելու որոշումների վրա, ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, պայքարելու բուհական  կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով  կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձև՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաև կրթության որակի վրա: Ուստի ուսանողն այսօր այդ լծակն էլ ունի. ազդել կրթության որակի բարձրացման գործընթացի վրա:

Պարո´ն Աշոտյան, ո՞ր հարցերում է թերանում մերօրյա երիտասարդությունը:

-Երիտասարդներին ընձեռնված հնարավորությունները ժամանակակից աշխարհում մեծ են, ուստի մեծ են նաև պահանջներն ու ակնկալիքները: Հայ ուսանողներից ես խնդրում և պահանջում եմ լինել ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող  ցանկացած հարցում: Ինչո՞ւ ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում, չէ՞ որ դուք ավելի լավ գիտեք, թե ովքեր են այն ուսանողները, ում համար գնահատական ստանալու ցանկալի տարբերակը կամ ճանապարհը գիտելիքը չէ: Երիտասարդության որոշ շրջանակներում նկատվում է պատասխանատվության և հետևողականության պակաս, ինչը, սակայն, երիտասարդների պարագայում անցողիկ է՝ պայմանավորված երիտասարդին հատուկ միանգամից գայթակղվելու և ոգևորվելու բնավորությամբ:

Ի՞նչ է մաղթում Արմեն Աշոտյանը հայ երիտասարդին:

- Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ, օրվա հրամայական: Կուզեի, որ այս իմաստով հայ երիտասարդը ժամանակին համընթաց քայլեր, ապացուցեր, որ ունի բավարար գիտելիք, հմտություն, կարողություն և ցանկություն՝ ծառայելու, աշխատելու հայրենիքում, որպեսզի չփոշիացնի այն ներուժը, որը այս կամ այն կրթական հաստատությունը իրեն տալիս է: Այսօրվա բանիմաց ու հայրենասեր երիտասարդներից ակնկալում եմ նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի: