ՀԱԱՀ ռեկտոր. «Այժմյան ուսանողը գիտելիքների շատ ավելի մեծ պաշար ունի, շատ ավելի զարգացած է, քան մեր սերունդների ուսանողը»

 

 

Heh.am-ի՝ ՀՀ բուհերի ռեկտորների հետ անցկացվող հարցազրույցները, ստանալով շարունակական բնույթ, այս անգամ պարզեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Արշալույս Թարվերդյանի տեսակետը երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ:


Պարոն Թարվերդյան, ի՞նչ համեմատականներ կարող եք տանել Ձեր և ներկայիս երիտասարդության հիմնախնդիրների միջև: 

-Մեր ժամանակներում ուսանող երիտասարդության խնդիրը միայն սովորելն էր, հետազոտական աշխատանքներ կատարելը կամ բանակ զորակոչվելը, իսկ այնուհետև աշխատանքի ընդունվելը, աշխատավայրում ճիշտ և պատշաճ իրեն դրսևորվելը: Սխեման կարծես թե հստակ էր, և մնում էր միայն ընտրել ուղղությունը: Այսօր խնդիրը բոլորովին այլ է: Ներկայումս ուսանող երիտասարդը ոչ միայն պետք է ուսումնառության ընթացքում լավ սովորի, այլև պետք է մտածի իր առաջիկա քայլերի մասին՝ ինչ ուղղություն է ընտրելու, ինչպես է հաղթահարելու դժվարությունները, այսինքն՝ ավելի շատ ճիշտ ընտրություն կատարելու և խոչընդոտները հաղթահարելու խնդիր կա: Այս առումով այսօրվա երիտասարդի անելիքները շատ ավելին են: Ինչ է պահանջվում. շատ լավ տիրապետել ընտրած մասնագիտությանը, անպայման մասնագիտությանը զուգահեռ տիրապետել որևէ օտար լեզվի, հիմնականում՝ անգլերենի, համակարգչային տեխնիկայի, քանի որ առանց այս վերջին երկու բաղադրիչների շատ ավելի դժվար է պատկերացնել, որ շրջանավարտը, թեկուզ լավ մասնագիտական գիտելիքներով, կարողանա և՛ հարմար աշխատանք գտնել, և՛ արտադրությունում կամ գիտության ասպարեզում լավ դրսևորվել իրեն: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր զարգացվածությանը, իմ կարծիքով, այժմյան ուսանողը գիտելիքների շատ ավելի մեծ պաշար ունի, շատ ավելի զարգացած է, շփման հնարավորություններն ավելի մեծ են, քան մեր սերունդների ժամանակ: Սա իհարկե ժամանակի թելադրանքն ու պարտադրանքն է: 

Ըստ Ձեզ, ո՞ր հարցերում երիտասարդը իրավունք չունի սխալվելու: 

-Որևէ մեկը սխալվելու հնարավորությունից ապահովագրված չէ: Այնուամենայնիվ նախ և առաջ երիտասարդը, տվյալ դեպքում ուսանողը, պիտի հնարավորինս ճիշտ ընտրի մասնագիտությունը, որում իրեն պատկերացնում է հետագայում: Այս առումով նա պետք է իր ավագ սերնդի՝ հատկապես դասախոսների, ծնողների, մեծերի խորհուրդներից օգտվի , եթե նույնիսկ ոչ ամբողջությամբ, ապա գոնե դրանց վրա հիմնվելով կատարի ինքնուրույն վերլուծություն ընտրությունից առաջ: Եվ, ինչպես արդեն նշեցի, ներկա պայմաններում հնարավորությունները բավականին մեծ են ու շատ, ուստի, ամենակարևորը, ցանկացած ընտրություն կատարելու նախնական փուլում հարկավոր է խուսափել սխալ որոշումներից՝ հետագա հիասթափություններից զերծ մնալու համար: 

Պարո

´

ն
Թարվերդյան, ի՞նչ կմաղթեիք երիտասարդներին: 

-Ես երիտասարդներին առաջին հերթին մաղթում եմ խաղաղ, մաքուր, ջինջ երկինք, որովհետև մնացած ծրագրերը՝ և՛ անձնական, և՛ ընդհանուր, բոլորը պայմանավորված են այդ կարևորագույն պայմանի առկայությամբ: Մաղթում եմ նաև հաջողություն՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին: Որպես ցանկություն պիտի ասեմ, որ ամեն ինչից ՝ մասնագիտությունից, զարգացվածությունից զատ, առաջին հերթին երիտասարդը մեր այսօրվա, առավել ևս վաղվա քաղաքացին է, և այս առումով որևէ պակաս թող չլինի նրա մոտ. հողին, պետությանը,երկրին ու ժողովրդին նվիրված լինելու պայմաններում ամեն ինչ կլինի շատ լավ:
Պատրաստեց Հռիփսիմե Հովսեփյանը