Երիտասարդները պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ

 

 

Շուրջ մեկ ամիս ոչ պետական և պետական բուհերի ուսանող երիտասարդները կպայքարեն պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ:

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն իրականացվում է ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում`  «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:

 «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Արմինե Բարսեղյանը նշեց, որ ծրագրին կմասնակցեն 38 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական մարմիններում ակտիվ մասնակցություն ցուցաբերած 5-ական  ուսանողներ ու մանրամասնեց. « Նրանք հետագայում ստացված տեղեկատվությունը, տեղեկատվական բուկլետներն ու պաստառները կտարածեն իրենց ընկերների շրջանում:  Ծրագրի հիմնական նպատակն է պայքարել սելեկտիվ` պտղով, հենց իգական սեռով պայմանավորված աբորտների դեմ»:

Մեկ ամսվա ընթացքում ուսանողները կունենան հինգ հանդիպում ՄԱԿ-ից, բուհերից, հոգևոր դաշտից հրավիրված մասնագետների հետ, որոնց ընթացքում կստանան տեղեկատվություն երևույթի բացասական հետևանքների մասին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով պատասխանատու Մհեր Մանուկյանը, խոսելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին, ասաց. «Ոչ միայն ուսանողների, այլև ողջ հայ հասարակության շրջանում աշխատելու խնդիր ունենք: Երևույթի մասին նոր-նոր են սկսել խոսել, և մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ողջ ՀՀ տարածքում կա տղա երեխայի վառ արտահայտված նախընտրություն: Ուստի պիտի աշխատենք բոլոր շերտերի հետ, և ունենք գիտակցություն փոխելու խնդիր»: Պարոն Մանուկյանը նշեց, որ երիտասարդների հետ շատ ավելի հեշտ է աշխատելը, քան տարեցների: Այնուհետև շեշտեց. «Հատկապես երիտասարդների հետ պիտի աշխատել այն պատճառով, որ ռիսկային խումբը նրանք են. նոր ընտանիք պիտի կազմեն և պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանը խոսեց ծրագրի օգտակարության մասին . «Այսպիսի ծրագրերն ազդում  են ուսանողության զարգացվածության և գիտակցության վրա, քանի որ ամեն մասնագիտություն չէ, որ տրամադրում է նման գիտելիքներ: Այս ամենն ունի ազգապահպանության խնդիր, ինչը կարևոր է մեր երիտասարդության համար»:

Դիտել բոլոր նկարները>>>