ԵՊԲՀ ռեկտոր. «Հասարակությունում սոցիալապես ամենապահանջվածը երիտասարդության առողջությունն է»

 

 

Երիտասարդության համաշխարհային տոնի և Ուսանողի միջազգային օրվա շրջանակներում Heh.am-ը շարունակում է հարցազրույցներ անցկացնել հայաստանյան բուհերի ռեկտորների հետ: Այս անգամ զրույցը ծավալվեց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ)  ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:

-Պարոն Նարիմանյան, ինչպե՞ս կբնորոշեք գիտատեխնիկական զարգացման բարձր մակարդակ ունեցող ներկայիս հասարակությունում ապրող երիտասարդությանը:

-Մերօրյա երիտասարդությունն ունի դրական բնութագիր այն առումով, որ մեր սերնդի հետ համեմատած` այժմ մեծ հնարավորություններ կան տարբեր ոլորտներից ինֆորմացիա ստանալու համար: Բայց մյուս կողմից այդ ինֆորմացիան պետք է լինի ծրագրավորված, որպեսզի վերջինիս մեծ ծավալի մեջ երիտասարդը`  մասնավորապես ուսանողը, կարողանա կողմնորոշվել՝ իր մասնագիտությանը, նախընտրությանը համապատասխան: Այս գործում, իհարկե, մեծ է դասախոսական անձնակազմի դերը:

-Ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունի ներկայիս հայ երիտասարդությունը և մասնավորապես ԵՊԲՀ ուսանողությունը:

-Գլոբալ առումով երիտասարդության համար մեծ խնդիր է առողջության հարցը: Պետք է խիստ ուշադրություն դարձվի և՛ հանրային առողջությանը (մաքուր օդ, որակյալ, առողջարար սնունդ և այլն), և՛ անձնական առողջությանը (վիկտիմ վարքագծի, վնասակար սովորությունների վերացում): Այս  խնդրի հետ կապված մենք մեր ուսանողական խորհրդարանի հետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր՝ երիտասարդության առողջության պահպանման նպատակով: Մյուս հիմնախնդիրը կրթական գործընթացի ճիշտ կազմակերպումն է: Անհրաժեշտ է այն կազմակերպել այնպես, որ ուսանողը նախադիպլոմային շրջանում կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ ընտրելով իրեն ավելի հարմար մասնագիտացում, որտեղ կկարողանա դրսևորել և՛ իր անձնական կարողությունները, և՛ հոգեբանական ու ֆիզիկական առանձնահատկությունները, քանի որ կան մասնագիտություններ, որոնք պարզապես գրավում են երիտասարդներին, նրանց երևակայությունը, բայց  մասնագիտության էության ոչ ճիշտ ներկայացումը, մեկնաբանումը պատճառ է դառնում սխալ ընտրության: Սա առավելապես վերաբերում է մեր բուհում տրվող մասնագիտություններին:

-Պարոն Նարիմանյան, Բժշկականն այն եզակի բուհն է ՀՀ-ում, որտեղ սովորում են մեծաթիվ օտարերկրացի ուսանողներ: Ի՞նչ մակարդակի վրա է նրանց փոխադաձ շփումը, համագործակցությունը հայ ուսանողության հետ:

-Իհարկե կա և՛ շփում, և՛ համագործակցություն, և դա, անկեղծորեն, միայն դրական արդյունքներ է տալիս` հատկապես օտար լեզուների արդյունավետ յուրացման  գործում:

Քանի որ հարցազրույցին ներկա էր նաև ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ, ռեկտորի խորհրդական Կարեն Ակոպյանը, ռեկտորի առաջարկությամբ այս հարցին նա պատասխանեց՝ նշելով, որ բուհն իրականացնում է ուսանողների փոխանակման ծրագրեր՝ համագործակցելով տարբեր երկրների հետ, օրինակ՝ անցած տարի արտերկրից ԵՊԲՀ մեկամսյա մասնագիտական պրակտիկա անցնելու նպատակով եկել է 63 ուսանող,  ԵՊԲՀ-ից արտասահմանյան բուհեր է մեկնել 126 ուսանող: Համագործակցության հետ կապված նա հավելեց, որ հայ և օտարերկրյա  ուսանողների համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Նոյեմբերի 26-ին հնդիկները հայ երիտասարդների հետ տոնելու են իրենց ՛՛Դիվալի՛՛ կոչվող տոնը, իսկ այնուհետև տեղի կունենա ամենակարևոր միջոցառումը՝ Բարեկամության փառատոնը, որի շրջանակներում տարբեր ազգերի ներկայացուցիչներ հնարավորություն կստանան ներկայացնել իրենց մշակույթը, խոհանոցը, ինչու ոչ նաև բժշկական ասպարեզում իրենց ավանդական մեթոդները:

Պարոն Նարիմանյան, ի՞նչ կմաղթեք երիտասարդներին:

-Սրտանց շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին: Ուսանողներին ցանկանում եմ հաճելի ուսանողական կյանք, իսկ, առհասարակ,  երիտասարդությանը  մաղթում եմ ամենակարևորը՝ առողջություն, քանի որ հասարակությունում սոցիալապես ամենապահանջվածը երիտասարդության առողջությունն է: Պետք է միշտ հիշել և գիտակցել, որ ամեն ինչի հիմքը «Առողջ մարմնում առողջ հոգի» գաղափարն է:

Հարցազրույցը վարեց Հռիփսիմե Հովսեփյանը